top
Arrow

Ներածություն

DECORATIVE ICON
Kristina Smolijaninovaitė Civil Society Forum e.V., Berlin, Germany

Համատեքստ և ֆոն

2020 թ-ից ի վեր «Հակամարտող հիշողություններ» ծրագիրը նվիրված է Եվրոպայի պատմության ուսուցիչներին և ուսուցանողներին 20-21-րդ դարերի պատմությանն առնչվող տարբեր տեսակետների փոխանակման համար ցանցային հարթակ և տարածք տրամադրելուն՝ այսպիսով ընդլայնելով պատմության մեկնաբանության դիտանկյուններն
առհասարակ։ Վերջին երեք տարիների ընթացքում մենք աշխատել ենք ավելի քան 80 ուսուցանողների հետ բազմատեսանկյուն և արժեքների վրա հիմնված մոտեցմամբ պատմության դասավանդմանը օժանդակող նյութեր
ստեղծելու ուղղությամբ։

2022 թ․ Ուկրաինայում սկիզբ առած լայնածավալ պատերազմից ի վեր շատ ծրագրեր են իրականացվել, որոնք առնչվում են կրթության խնդիրներին խորհրդային անցյալ ունեցող երկրներում՝ հիմնականում անդրադառնալով հետագա հակամարտություններից խուսափելու գործում կրթության կարևորությանը։ Սակայն քչերն են նայել պատերազմի ավարտից անդին և հարցադրել, թե ինչ մեթոդներ ու գործիքներ կարելի է կիրառել պատերազմի թեման դասավանդելու համար։ 2023 թ․ մի շարք փոխանակման աշխատարանների միջոցով մենք փնտրել ենք այս դժվարին հարցի պատասխանները՝ կենտրոնանալով այլ, մասնավորապես՝ Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի հակամարտությունների վրա։ Խթանելով պատմության բազմատեսանկյուն մոտեցմամբ դասավանդումը Արևելյան գործընկերության երկրներում՝ մենք ծրագիր ներմուծեցինք նոր տեսանկյուններ, մանկավարժական մեթոդաբանություններ և լսարաններ։

Սույն մանկավարժական ուղեցույցում ներկայացված հակամարտությունների թեման զգայուն է, քանի որ շատ թարմ են
հակամարտող կողմերի մարդկանց կոլեկտիվ հիշողություններում․ այդ հակամարտություններն անձամբ իրենց մաշկի վրա զգացած մարդիկ՝ զինվորները, տուժածները, երեխաները կամ իրենց սիրելիներին կորցրածները, դեռ ողջ են։ Ավելին՝ դպրոցական ծրագրերում և դասագրքե- րում այս հակամարտությունները հաճախ դասավանդվում են (եթե առհասարակ դասավանդվում են)՝ մեծապես շեշտադրելով ռազմաքաղաքական պատմությունը և առաջ մղելով ժամանակի
իշխանության տեսանկյունը։

2023 թ․ ամռանը Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի մի շարք ուսուցիչներ մասնակցել են աշխատարանների, որոնց վարողը Բոսնիա և Հերցեգովինայից էր, մի երկրից, որը վերջին տասնամյակներում հակամարտության սեփական փորձ ունի։ Դասընթացավարը մեծ ջանասիրությամբ աշխատել է իր երկրում՝ ստեղծելու նոր նյութեր, որոնք կարող են օգտագործվել հարավսլավական շատ բարդ պատերազմների թեման դասավանդելիս՝ փորձելով խուսափել ազգային պատկանելությամբ պայմանավորված հակասություններից և ռազմաքաղաքական կրթությունից անցնելով ավելի սոցիալական/հասարակական մոտեցման։

Այս մոտեցումն է ընկած աշխատարանների հիմքում, որոնք ուսուցիչներին պատրաստեցին ստեղծելու սեփական ուսումնական նյութերը՝ իրենց երկրներում զգայուն թեմաներ դասավանդելու համար։ Մեր նյութերը նախագծված են հնարավորինս գործնական կիրառության համար։ Սա է պատճառը, որ դրանք բոլորը պատրաստված են պատմության ուսուցիչների և ուսուցանողների կողմից՝ մանկավարժ- փորձագետների արհեստավարժ թիմի օժանդակությամբ և խորհրդատվությամբ։ Աշխատարաններից հետո ուսուցիչներն ազգային թիմերով աշխատել են իրենց նյութերը մշակելու ուղղությամբ՝ փորձելով նորովի ներկայացնել թեմաները և ներառել բազմատեսանկյունություն։

Մենք «բազմատեսանկյունությունը» սահմանում ենք որպես կոնկրետ պատմական իրադարձության կամ ժամանակաշրջանի արդի մեկնաբանությունների, ինչպես նաև ժամանակի ընթացքում տարբեր տեսանկյունների էվոլյուցիայի ճանաչում։ Միշտ չէ, որ հնարավոր է այս մոտեցման մեջ ապահովել տարբեր ազգերի տեսանկյուններ, ուստի պիտի դիտարկենք հասարակական բազմատեսանկյունության օրինակներ, օրինակ՝ ցույց տալով, թե ինչպես են տարբեր սոցիալական խմբեր արձագանքում որևէ կոնկրետ իրադարձության։

Հիմնվելով Եվրոպայի խորհրդի նախանշած սկզբունքների վրա՝ որպես «Հակամարտող հիշողություններ» ծրագրի մաս կարևոր է ընդգրկել համապատասխան արժեքների և վերաբերմունքի ուսուցումը, ինչպես նաև կապել պատմության դասավանդումը մեր օրերի հետ։ Սա ներառում է մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանքը,
մշակութային բազմազանության արժևորումը, այլ համոզմունքների և պրակտիկաների նկատմամբ բաց լինելը, քաղաքացիական մտածելակերպը և պատասխանատվությունը։ Սույն ուղեցույցի վրա աշխատած ուսուցիչները զարգացրել են այս կարողունակությունները՝ մշակելու այնպիսի նյութեր, որոնք աշակերտներին քննադատական հարցեր տալու հմտություններ կսովորեցնեն։

Ուղեցույցը պատրաստի ռեսուրս է ո՛չ միայն կոնֆլիկտային կամ պատերազմական գոտիներում կամ վերջերս հակամարտության փորձառություն ունեցած երկրներում ապրող ուսուցիչների համար։ Այն նախատեսված է նաև նման տարածաշրջաններից դուրս գտնվող ուսուցանողների համար։ Նախքան Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտությանը (1988-ից մինչ օրս), Վրացական հեղաշրջմանը (1991-1992) և Դնեստրի պատերազմին (1992) նվիրված երեք օրինակելի դասապլանները ներկայացնելը ուղեցույցը համառոտ տեղեկություն է տրամադրում Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի տեղական համատեքստի վերաբերյալ։

Հայաստանյան ուսուցիչների՝ սահմանամերձ Մովսես գյուղի օրինակով մշակած դասապլանը ցույց է տալիս, թե ինչպես է 1988-ին սկսված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաթարել կյանքի բոլոր ոլորտները և ազդել դրանց վրա միջազգային հակամարտության սահմանային գոտում։ Աշակերտները մեծապես կշահեն՝ հակամարտությունը դիտարկելով ոչ թե կենտրոնի, այլ ծայրամասի դիրքից՝ կենտրոնանալով այն մարդկանց վրա, որոնք ապրում են հակամարտությունից առավել տուժած վայրերում։ Այն ուսուցանողներին և աշակերտներին թույլ կտա հակամարտությունը դիտարկել ոչ միայն պաշտոնական, վերևից ներքև, քաղաքական և գաղափարախոսական, այլև առավել խոցելիների տեսանկյունից:

Վրաստանի ուսուցիչները որոշել են դասապլան մշակել 1991-1992 թթ․ Վրացական հեղաշրջման և դրան հետևած քաղաքացիական պատերազմի վերաբերյալ, հակամարտություն, որը դեռևս քիչ է հետազոտված և վրաց հասարակության համար զգայուն թեմա է, որի վերաբերյալ տարբեր շահակիցներ իրար հակասող կարծիքներ ունեն։ Թեև
նման դիրքորոշումները ներկայացնում են վրաց պատմաբանների և լայն հասարակայնության տեսակետները, հակամարտության լայնածավալ պատմագիտական հետազոտություն դեռ չի իրականացվել։ Այս պատճառով հանրակրթական դպրոցներում դժվար է դասավանդել Վրաստանի քաղաքացիական պատերազմի թեման․ հակամարտության վերաբերյալ չկա օբյեկտիվ տեսակետ, որը զերծ կլինի քաղաքական ազդեցությունից կամ քարոզչությունից։ Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ դպրոցական ծրագրում և դասագրքերում առկա տեղեկությունը թերի է կամ դրվագային։ Այս իրադարձության մասին իմանալը կընդլայնի 1991-1993 թթ․ Վրաստանի քաղաքացիական պատերազմի վերաբերյալ պատկերացումներն առհասարակ։

Մոլդովայի պարագայում ուսուցիչների մշակած նյութը նախատեսված է 1992 թ․ Մերձդնեստրյան պատերազմը դասավանդելու համար։ Մոլդովական հասարակության համար սա մինչ օրս ամենազգայուն և վիճահարույց թեման է, որը դեռևս պատշաճ վերաբերմունքի չի արժանացել դպրոցում։ Որպես ծրագրի մաս՝ որակյալ կրթության ցանկալի
վերջնարդյունք կհամարվի ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության խթանման ներառումը Մոլդովայի և Մերձդնեստրի դպրոցներում, և հուսով ենք, որ պատմության դասավանդումը կարևոր դեր կունենա այս սառեցված հակամարտության մեջ կայուն խաղաղություն ապահովելու գործում։ Դիտարկելով հակամարտության տարբեր կողմերը՝
քաղաքականից մինչև տնտեսական և սոցիալական, դասապլանը ցույց է տալիս հակամարտության ազդեցությունը Դնեստրի երկու կողմերում և սովորողներին առաջարկում անձամբ հետազոտել հակամարտության թողած ժառանգությունն իրենց շրջապատում։ Ուղեցույցը հասանելի է այն մշակած ուսուցիչների ազգային լեզուներով՝ հայերեն, վրացերեն և ռումիներեն, ինչպես նաև անգլերեն, որպեսզի այն կարողանա օգտագործել նաև միջազգային ուսուցանողների ավելի լայն համայնքը։ Սույն ուղեցույցը և այլ կրթական նյութեր կարելի է անվճար ներբեռնել «Հակամարտող հիշողություններ» ծրագրի կայքից։

Lesson navigation